Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս»։ Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝ Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը: Հաջորդ կետը Նորավանքն է՝ միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանակալի կենտրոններից, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Արփա գետի հովտի կիրճում և շրջապատված է դժվարանցանելի ժայռերով: Հաջորդիվ կտեսնենք Տաթևի վանքը՝ հնագույն հուշարձան, որը կառուցվել է 9-րդ դարում։ Կարելի է ասել, որ այս համալիրը համարվում է հայկական ճարտարապետության գոհարը։ Վանքի և շրջակա բնության ներդաշնակությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին տեղափոխվել դեպի անցյալ և զգալ անցյալի ոգին: Իսկ դեպի վանք կհասնենք «Տաթևի թևեր» ճոպանուղով՝ Հայաստանի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը կառուցվել է 2012թ.: Հենց այն Ձեզ կտանի դեպի Հայաստանի բնական և պատմական գանձերը՝ Տաթևի վանական համալիր: Այս ճամփորդությունը թույլ կտա Ձեզ վայելել Որոտան գետի կիրճի հիասքանչ գեղեցկությունը։ Խցիկը շարժվում է ժամում մոտ 37 կմ (23 մղոն) արագությամբ, իսկ միակողմանի ճանապարհորդությունը տևում է մոտ 12 րոպե: Եթե Դուք սուր զգացողությունների սիրահար եք, բայց միևնույն ժամանակ չեք նախընտրում ծայրահեղությունը, ապա գեղատեսիլ կիրճի վրայով նման թռիչքը կարող է հիանալի փոխարինող հանդիսանալ։




